Արդեն 20 տարի Հայաստանն ապրում է շրջափակման պայմաններում. Թուրքիան անօրինական շրջափակում է իրականացնում եւ երկիրն ապրում ու զարգանում է այդ պայմաններում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Դիտարկմանը, որ այդ զարգացումը տեղի է ունենում բացառապես բարդ պայմաններում, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Բացառապես բարդ պայմաններում եւ մենք նույնիսկ ուղիղ երկաթուղային կապ չունենք Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հետ: Դա նշանակում է, որ մեր արտահանողները մյուսների հետ անհավասար պայմաններում են գտնվում: Բայց այնպես է ստացվել, որ դա ճակատագիր է, մենք սովորել ենք այդ պայմաններին եւ փորձում ենք զարգացնել այն ոլորտները, որոնք մրցունակ են, իսկ այդ տրանսպորտային բաղկացուցիչը չի խանգարում»:
Նրա խոսքով, ավանդաբար Հայաստանում առաջատար ոլորտ է լեռնաարդյունաբերությունը, սակայն այդ ոլորտի զարգացումը մեծապես կախված է մետաղների համաշխարհային գներից, ուստի Հայաստանը ստիպված է եղել դիվերսիֆիկացնել, իսկ հիմա Հայաստանում, ոչ միայն մեր գանահատականներով, լավ զարգանում են ժամանակակից տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները: «Փաստացի վերջին 5 տարում մեզ հաջողվել է 3 անգամ մեծացնել այդ ոլորտի արտադրանքը»,-ասել է ՀՀ նախագահը:
Նա ընդգծել է, որ դա լավ է նաեւ նրանով, որ ստեղծվում են բարձր վարձատրվող աշխատատեղեր: «Հիմա Հայաստանում շուրջ 100 այդպիսի ձեռնարկություններ կան, որոնցում զբաղված է 10 հազար մարդ: Փոքր Հայաստանի համար դա մեծ թիվ է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:





























