Իրանը պատրաստ է ուրանը փոխանակել Թեհրանին անհրաժեշտ միջուկային վառելիքով։ Այս մասին փետրվարի 2-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռամին Մեհմանպարաստը։

Ինչպես նա նշել է, Թեհրանը դեռեւս պատրաստ է փոխարինել թեհրանական ռեակտորի համար անհրաժեշտ 3.5 տոկոսանոց վառելիքը 20 տոկոսանոցով։ Խոսելով արեւմտյան երկրների հետ հնարավոր գործարքի մասին՝ Մեհմանպարաստը հայտարարել է, որ երկիրը իրավունք ունի ինքնուրույն հարստացնել ուրանը։

Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող սեպ խրել Իրանի եւ Պարսից ծոցի այլ երկրների միջեւ, իսկ հակահրթիռային պաշտպանության տեղակայումը արաբական երկրներում ոչինչ չի տա։

Հիշեցնենք՝ նախօրեին պարզ էր դարձել, որ ԱՄՆ-ը ուժեղացրել է իր հակահրթիռային պաշտպանության բաժանմունքները Պարսից ծոցում եւ դրա մերձակայքում։ Ամերիկյան ՀՀՊ համալիրներ տեղակայված են Կաթարում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բահրեյնում եւ Քուվեյթում։