Գյումրու տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող երիտասարդ միայնակ մայրերի:

Նրանց շրջանում մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնք վաղ տարիքում ամուսնացել են արտերկրում, հատկապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների զավակների հետ եւ մեկնել են բնակվելու արտերկիր, սակայն նրանց համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տեւել:

Աղջիկներից շատերն առաջնեկի ծնվելուց հետո կամ հղիացած, տարաբնույթ պատճառներով բաժանվել եւ վերադարձել են հայրական տուն: Նրանցից շատերը չեն հասցրել անգամ պաշտոնական ձեւակերպում տալ իրենց ամուսնություններին: Այդ իսկ պատճառով բազմաթիվ միայնակ մայրերի երեխաներին հայրություն ճանաչված չէ: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են եւ ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած «ալիմենտ» չեն ստանում: 

Գյումրու տնակային ավաններից մեկում իր չորսամյա տղայի հետ բնակվում է նմանօրինակ ճակատագրի արժանացած միայնակ մայր, 27-ամյա Հասմիկը: Նրանք թեեւ ապրում են խոնավ եւ շարքից վաղուց դուրս եկած տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: