Թուրքիայում այցով գտնվող Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին հավանական է համարել Թուրքիայում ուրանի հարստացման առաջարկը։
Իրանի արտգործնախարարը մասնակցել է թուրքական TRT հեռուստաընկերության «40 րոպե» հաղորդաշարին եւ պատասխանել իրեն ուղղված հարցերին։ Մոթաքին նշել է, որ ուրանի հարստացման հետ կապված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բավականին լայն եւ կառուցողական շփում է ունեցել։ Ըստ Իրանի արտգործնախարարի, անհրաժեշտ է, որ Թուրքիայի հետ վառելիքի առուվաճառքի հարցում համաձայնագրեր կնքվեն եւ այնուհետ ժամանակի եւ չափաքանակի հարցում համաձայնության հասնելու դեպքում կարելի է հանգիստ խոսել ուրանը Թուրքիայում հարստացնելու շուրջ։
Հիշեցնելով, որ Թուրքիային մատակարարվող իրանական գազի ծավալը կրկնապատկվել է, Մոթաքին իր գոհունակությունն է հայտնել, որ կարողանում է բավարարել Թուրքիայի էներգետիկ պահանջների մի մասը։
Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Իրանի դեմ պատժամիջոցների խստացման խնդրին, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ հավատում է այս հարցում Թուրքիայի արդարամտությանը։
NEWS.am-հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մանուչեր Մոթաքին ժամանել է Թուրքիա մասնակցելու Անկարայում անցկացվող իրանա-թուրքական տնտեսական հանձնաժողովի 21-րդ համատեղ նիստին։ Նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ։




























