Մերձավոր Արեւելքում ափերից դուրս եկած գետերը ծածկել են Հորդանանի, Եգիպտոսի եւ Իսրայելի մի շարք տարածաշրջաններ։ Գետերի ջրերի կտրուկ բարձրացումը պայմանավորված էր պարբերաբար կրկնվող տեղատարափ անձրեւներով։
Հորդանանի մայրաքաղաք Ամանը կտրվել է երկրի հյուսիսային Զարկա քաղաքից, քանի որ նրանց միջեւ ընկած ճանապարհն որոշ տեղերում ծածկված էր 1 մ. խորությամբ ջրով։ Մայրաքաղաքում անհապաղ փակվել են թունելների եւ ստորգետնյա կապերի մի մասը։
Ըստ ՌԲԿ-ի, վատ եղանակը լրջորեն բարդացրել է մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը եւ Հորդանանի հյուսիսում տեղակայված սիրիական փախստականների ճամբարների վիճակը։ Զաատարի ճամբարում ուժեղ քամին քանդել է մի քանի տասնյակ վրաններ։ Նման իրադրություն է ստեղծվել նաեւ Լիբանանում, որտեղ հորդառատ անձրեւների պատճառով փակվել է Բեյրութի եւ Դամասկոսի միջեւ ընկած ճանապարհը։
Արդեն 3 օր է, որ Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգստում նավերին թույլ չեն տալիս մտնել եւ բեռնաթափվել ուժեղ փոթորիկի պատճառով։
Ինչպես հաղորդում են Իսրայելի օդերեւութաբաններն,Երուսաղեմի հյուսիսում ամենուր սպասվում է ձյուն։ Նրանց կանխատեսումներով՝ այս ձմռան տեղումները խախտել են 10 տարվա ռեկորդը։
Ըստ Ռիա Նովոստիի, հունվարի 8-ին իսրայելցի զինվորականները ջրասույզ եղած տների տանիքներից ուղղաթիռներով տեղափոխել են իրենց հայրենակիցներին եւ փրկել են պաղեստինցի դպրոցականներին, որոնց ավտոբուսի շարժը կանգնեցրել էին անձրեւային հոսքերը։ Վատ եղանակը կաթվածահար է արել Թել Ավիվի վերգետնյա հաղորդությունն արտաքին աշխարհի հետ: Ափերից դուրս եկած գետը դադարեցրել է մարդատար գնացքների աշխատանքը։











