Մալաթիայի ոստիկանության բաժին հունվարի 4-ին, ժամը 14.30-ին 47-ամյա Արա Հունանյանի հայրը հաղորդում է տվել, որ որդին նախորդ օրը 14.00-ի սահմաններում տանից դուրս է եղել եւ չի վերադարձել: Ոստիկանության որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին հայտնաբերվել է Արա Հունանյանի մասնատված մարմինը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Որոնողական աշխատանքների ընթացքում ոստիկանությանը հայտնի է դարձել, որ ընտանեկան անախորժությունների պատճառով Հունանյանի կինը շուրջ 1 տարի առաջ բաժանվել է եւ ապրել է հայրական տանը, ինչի արդյունքում Հունանյանը սկսել է խմել: Հունվարի 8-ի վաղ առավոտյան Դալմայի այգիներում տնակներից մեկի հետնամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է արյունոտ շորերով պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է Արա Հունանյանի դիակը: Հունվարի 10-ին ժամը 12.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները ղեկավարությանը զեկուցել են, որ սպանությունը բացահայտված է: Մինչեւ այդ տեղեկություններ են ստացվել, որ հնարավոր է հանցագործությունը կատարած լինի հանգուցյալի մտերիմ ոմն Սերգոն: Սերգոյին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երեւան քաղաքացի Կուրղիանյան փողոցի 15 շենքի 10 բնակարանից նրան հայտնաբերել եւ բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին: Սերգո Երեմյանը պատմել է, որ Արայիկը խմած վիճակում գնացել է նրա մոտ շարունակել են խմել: «Երկուսս էլ խմած էինք: Արայիկը վիզս փրթեց: Հետո ում ձեռքը ինչ ընկել է, իրար խփել ենք: Երեւի քարի հարվածից է մահացել: Ավելի շուտ արյունահոսությունից: Տեսա մահացած, չէի իմանում ինչ անեին: Շոկի մեջ էի, ըտենց ծածկել էի, մնացել էր: Քաշով ծանր էր երկու կես եմ արել: Մեծ դանակով կիսեցի»,- ոստիկանության բաժանմունքում պատմել է Երեմյանը:
Նշենք, որ 52-ամյա Երեմյանը սպանության համար 1983թ-ին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:











