Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեին իր ֆեթվայում միջուկային զենքի արգելք է սահմանել: Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռամին Մեհմանփարասթը հույս է հայտնել, որ դա վերջ կտա Իրանի ատոմային ծրագրի վերաբերյալ Արեւմուտքի խարդավանքներին:
«Գերագույն առաջնորդի ֆեթվայից վեր ոչինչ չկա, այն կազմում է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մեր գործունեության հիմքը: Երբ երկրի ղեկավարությունը` իրավական գերագույն ատյանը եւ իշխանությունը, ֆեթվա են հրապարակում, բոլորս պարտավոր ենք անվերապահորեն հետեւել դրան», - բացատրել է Մեհմանփարաստը:
Gazetа.ru-ն, վկայակոչելով Associated Press-ին, գրում է, որ Իրանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ հիշեցնում էին Խամենեիի յոթ տարի առաջ հրապարակած ֆեթվան, սակայն նախկինում Իրանի կառավարության կողմից նորմատիվների աստիճանակարգությունը նման հստակորեն երբեք չէր նշվել:
Utro.ru-ն գրում է, որ Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ իր հայտարարությունը հնչեցրել էր Թեհրանում` Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հանդիպումից մեկ օր առաջ:





























