Երեւանն ու Թեհրանը, հայկական պատվիրակության՝ Իրանի հյուսիս-արեւմտյան Արեւելյան Ադրբեջան նահանգ կատարած այցելության ընթացքում փոխըմբռնման 4 հուշագիր են ստորագրել տնտեսական համագործակցության ամրապնդման ոլորտում:

Ինչպես հաղորդում է իրանական Fars գործակալությունը, փոխըմբռնման 4 հուշագրերը ստորագրվել են չորեքշաբթի, Թավրիզում՝ Արեւելյան Ադրբեջանի նահանգի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Փոխըմբռնման հուշագրերի իրագործման ճանապարհով Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգը եւ Հայաստանի Սյունիքի մարզը կընդլայնեն համագործակցությունն ու երկկողմ հարաբերությունները: Հուշագրերի համաձայն՝ երկու տարածաշրջանները կավելացնեն փոխգործակցությունը անասնապահության, անասնաբուժության եւ համատեղ ագրոարդյունաբերական ընկերությունների ստեղծման ոլորտում:

Բացի այդ, համաձայնագրերի համաձայն՝ Իրանը Հայաստան կառաքի կոմբայններ, տրակտորներ եւ այլ գյուղատնտեսական սարքավորումներ: