Բուսակերները սրտային հիվանդություններից ավելի հազվադեպ են մահանում, քան մսակերները: Թվային արտահայտությամբ՝ ռիսկայնության տարբերությունը կազմում է 32%:
Օքսֆորդի համալսարանի գիտնականները պնդում են, որ սիրտանոթային հիվանդությունները զարգացած երկրներում մահացության հիմնական պատճառն են:
Ըստ գիիտնականների՝ երկու խմբերի միջեւ ռիսկի տարբերությունը հիմնականում բացատրվում է խոլեստերինի եւ արյան ճնշման մակարդակով:
Սննդի եւ սրտային հիվանդությունների հարցերով խոշորագույն հետազոտությանը մասնակցել են ավելի քան 45 հազար կամավորներ Անգլիայից եւ Շոտլանդիայից, որոնցից 34%-ը բուսակեր է: 1990թ. բոլոր մասնակիցներն առողջության եւ կենսակերպի վերաբերյալ հարցերի են պատասխանել: Մոտավորապես 20 հազար մասնակից նաեւ գրառել են արյան ճնշման ցուցանիշները եւ խոլեստերինի մակարդակի չափման համար արյուն են հանձնել: Դիտարկումներն արվել են մինչեւ 2009թ.:
Ուսումնասիրության ընթացքում գիտնականները սրտանոթային հիվանդությունների 1235 դեպք են գրանցել՝ ներառյալ մահվան 169 եւ հիվանդանոց տեղափոխվելու 1066 դեպքեր:
Բուսակերներն արյան ճնշման եւ խոլեստերինի մակարդակի ավելի ցածր ցուցանիշներ են ունեցել: Բացի դրանից նրանք ավելի նիհար են եւ ավելի քիչ են տառապում շաքարախտով:





























