ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ անձամբ է զրուցել հրազենային վնասվածք ստացած Պարույր Հայրիկյանի հետ: Նրա խոսքով, Հայրիկյանի վիճակը բավարար է: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին, «Սբ Գրիոգր Լուսավորիչ» բ/կ-ում, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, որտեղ հրազենային վնասվածքով տեղափոխվել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ մահափորձը ընտրությունների անցկացման համար անհետաձգելի խոչընդոտ հանդիսանա, նա պատասխանեց. «Չեմ կարծում: Դա ինքը պետք է որոշի: Եթե ինքը կասի, որ չի կարող քարոզարշավը շարունակել, ընտրությունները կհետաձգվեն: Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի: Ես անձամբ տեսել, խոսել եմ նրա հե: Վաղը գնդակը կհանեն»:
Հարցին, թե կասկածներ ունի՞, թե որտեղից է դա կազմակերպված, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարող կասկածներ հայտնել, բայց կարծում եմ, որ սա քաղաքական է, սադրանք է՝ ուղղված պետականության դեմ»:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածիի համաձայն, Հանրապետության նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում՝ ընտրությունները պետք է հետաձգվեն երկշաբաթյա ժամկետով, իսկ անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում՝ պետք է նոր ընտրություն նշանակվի՝ նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում, հունվարի 31-ին, ժամը 23.30-ի, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի տան դիմաց, նրա նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Այնտեղ էր նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հիվանդանոց են ժամանել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաններ` վարչապետ Տիգրան Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք: Այստեղ են եկել նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:


Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











