Տպագրիչների 9 հասցեում երեկ` հունվարի 31-ին, ժամը 23.30-ի սահմաններում մահափորձի ենթարկվելու հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այսօր` փետրվարի 1-ին, եւս շարունակում են այցելել պաշտոնյաններ, քաղաքական, հասարակական գործիչներ եւ այլն:

Նրան առավոտյան այցելել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը եւ «Ժառանգության» ղեկավար, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ այլք (ֆոտոռեպորտաժ):

«Ուզում եմ եւս մեկ անգամ  շեշտել, որ այս հանցագործությունն ուղղված էր մեր պետականության դեմ, համոզված եմ, որ իրավապահ մարմինները փորձելու են  ամեն ինչ անել, որ բացահայտեն»,- ասաց  Հովիկ Աբրահամյանը: Ինչ վերաբերում է մյուս  թեկնածուների անվտանգության երաշխիքներին, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարը նշեց, որ այդ հարցը երեկ է դեռ քննարկվել, պատկան մարմինները որոշում կկայացնեն:

Նրանց այցելած ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը մեր ամբողջ ժողովրդի, մեր բոլորի դեմ է: «Այդ կապակցությամբ մենք բոլորս տուժողներ ենք համարվում այս պահին: Եթե այդ գիտակցությամբ շարժվենք, կարծում եմ բացահայտումն ավելի շուտ կլինի: Սրանք քաղաքական գործընթացներ են եւ բնութագիրն էլ քաղաքական է, բոլորս ենք ցավում, առավել եւս որ բոլորս հանդիսանում ենք տուժող կողմ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել  իր իսկ տան դիմաց: Դեպքի վայր էր մեկնել նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն (ֆոտոռեպորտաժ):

Հիվանդանոցում ԱԻՄ առաջնորդին այցելել  են բարձրաստիճան պաշտոնյաներ` վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ այլք, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը, Արման Մելիքյանը, Վարդան Սեդրակյանը, ՀՀՇ անդամ Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը,ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am