Հայաստանը կշարունակի խորացնել հարաբերություններն Իրանի հետ: Այս մասին, այսօր` փետրվարի 5-ին, հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` Հայաստանը հարգում է միջազգային պատժամիջոցները, բայց իր հնարավորության սահմաններում կզարգացնի իր հարաբերություններն Իրանի հետ: Որպես արդյունավետ համագործակցության օրինակ, Սերժ Սարգսյանը բերել է ՀԷԿ-ի շինարարության օրինակը: «Մենք չենք կարող մեր ձեռքերով կտրել թթվածին մատակարարող երկու երակներից մեկը: Դա պարզապես հիմարություն է»,-նշել է Սերժ Սարգսյանը, հիշեցնելով, որ Հայաստանին ու Իրանին կապում են դարավոր հարաբերությունները:
Նախորդ տարվա նոյեմբերին Իրանն ու Հայաստանը սկսել են Արաքս գետի վրա միանգամից երկու հիդրոէլեկտրակայանների շինարարությունը: Այդ ՀԷԿ-երից մեկը, որը կառուցվում է իրանական գումարներով, 15 տարի անց ամբողջությամբ կդառնա Հայաստանի սեփականությունը:





























