Իրանի եւ Հայաստանի միջեւ բարիդրացիական հարաբերություններ են հաստատվել, եւ Երեւանը Թեհրանի ռազմավարական գործընկերն է: Այդ մասին փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամմադ Ռեյիսին` գնահատելով հայ-իրանական հարաբերությունները:
Դիվանագետի խոսքով, ինքը ծնվել է իրանական քաղաքում, որտեղ բազմաթիվ հայեր են ապրում. «Ես շատ ջերմ հիշողություններ ունեմ հայերի հետ շփումից, եւ այսօր Հայաստանում ես ինձ օտար երկրում չեմ զգում»:
Ընդգծելով Հայաստանի եւ Իրանի միջեւ բազմադարյա մշակութային համագործակցությունը, դեսպանը նշել է, թե հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. «Հայ-իրանական հարաբերություններն ընդօրինակելի են: Հայաստանի շահերը Իրանի շահերն են եւ հակառակը»:
Թվարկելով վերջին տարիներին կնքված պայմանագրերը, Ռեյիսին նշել է, թե իր պարտքն է համարում դրանք կյանքի կոչելը: Նա հատկապես ընդգծել է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը:





























