ԱՄՆ-ն մարդու իրավունքները պաշտանում է միայն այն երկրներում, որոնք հաշվի են առնում Միացյալ Նահանգների շահերը, նույնիսկ եթե այդ երկրներում ժողովրդավարության հետք չկա: Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսը՝ պատասխանելով հարցին, թե Իրանի տնտեսության վրա ինչպես կանդրադառնան Արեւմուտքի պատժամիջոցները:
Դեսպանը նշել է, որ Իրանում 1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո Արեւմուտքի շատ երկրներ, որոնք զրկվեցին ազդեցության լծակներից, սկսեցին դավեր նյութել. «Սկզբում փորձեցին ներքին խռովությունների դրդել, այնուհետեւ հրահրեցին իրանա-իրաքյան պատերազմը, որը տեւեց ութ տարի, սակայն Իրանին հաջողվեց պահպանել իր բոլոր տարածքները: Պատերազմի ավարտից անմիջապես հետո Իրանի նկատմամբ սկսեցին պատժամիջոցներ կիրառել: ԱՄՆ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է կիրառում արդեն 34 տարի: Սակայն կարծում եմ, որ հենց այդ պատժամիջոցները մեզ շատ բաներում են օգնել: Ես կարծում եմ, որ, հնարավոր է, միջուկային էներգետիկայի եւ նանոտեխնոլոգիաների ոլորտում մենք չհասնեինք այս հաջողություններին, եթե չլիներ ԱՄՆ-ի նման քաղաքականությունը»:
Դիվանագետի գնահատմամբ՝ մշտապես մարդկայնության մասին հայտարարող ԱՄՆ-ի պատժամիջոցները գործում են բացառապես Իրանի շարքային քաղաքացիների դեմ: «Նրանք փորձում են անտանելի պայմաններ ստեղծել իրանցիների համար՝ այդպիսով հուսալով ներքին խռովություններ հրահրել Իրանում: Սակայն Իրանում, ինչպես եւ Հայաստանում, քաղաքական գիտակցության բարձր մակարդակ կա, այդ պատճառով էլ մենք նման սադրանքների չենք ենթարկվում»:
Միաժամանակ Ռեիսը նշել է, որ Արեւմուտքն ամենուրեք երկակի ստանդարտներ է կիրառում: Օրինակ, մարդու իրավունքների մասին են խոսում, սակայն սերտ համագործակցում են երբեւէ ընտրություններ չանցկացրած երկրների հետ: Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ընդհանուր առմամբ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, եթե Վաշինգտոնը «բարի կամք» դրսեւորի: «Հասկացեք մեզ էլ, մենք երեք անգամ ընդառաջ ենք գնացել եւ երեք անգամ էլ հարված ստացել թիկունքից: Մինչդեռ, նշեմ, որ Իրանը բոլոր հարցերում հավատարիմ է մնում միջազգային իրավունքի սկզբունքներին»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























