Իսպանիայի իշխանությունները հայտարարել են կիբերհանցագործների ավազակախումբ բացահայտելու մասին, որը գործել է Բենալմադենա եւ Տորեմոլինոս քաղաքներում: Հանցախմբում վեց ռուսաստանցի, երկու ուկրաինացի եւ Վրաստանի երկու բնակիչ են եղել:

Հաքերները վիրուսներ էին թողարկում, որոնք արգելափակում էին Եվրոպայի օգտվողների համակարգիչները: Դրանից հետո մոնիտորին իբրեւ թե ոստիկանության կողմից  հաղորդագրություն էր հայտնվում այն մասին, որ համակարգչի տերը արգելված կայքեր է մուտք գործել եւ այժմ առցանց պետք է 100 եվրո տուգանք վճարի:

Պահանջված տուգանքը մուծել էին աշխարհի 30 երկրների՝ վարակված համակարգիչների տերերի երեք տոկոսը, հայտնում է TOP News-ը:

Խաբեբաների ընդհանուր շահույթը կազմել էր տարեկան 1,35 մլն դոլար:

Խմբավորման հիմնադիրը 2012թ. ձմռանը ԱՄԷ-ում Իսպանիայի իշխանությունների պահանջով կալանավորված 27-ամյա ռուսաստանցին է: Այժմ որոշվում է նրան արտահանձնելու հարցը: