Հայաստանի ժողովուրդը տոնում է իր հաղթանակը եւ դա հայտնի է բոլորին: Այս մասին այսօր` փետրվարի 18-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ես հարգում եմ իմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին Սերժ Սարգսյանին, Ղարաբաղի ազատագրական պատերազմի, պետության կայացման գործում նրա ունեցած ներդրման համար: Նրա անունը կմնա Հայաստանի պատմության դասագրքերում եւ հենց նա պետք է դառնա Հայաստանի առաջին նախագահը, ով կճանաչի ժողովրդի հաղթանակը:
Րաֆֆին չի հաղթել եւ Սերժն էլ չի պարտվել, այլ հաղթել է ժողովուրդն` արտահայտելով իր կամքն ընտրությունների ժամանակ: Մեր ժողովուրդն արժանի է դե յուրե ընտրված նախագահի»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաեւ նշել է, որ այլեւս մտադիր չէ կոչ անել չօգտագործել վարչական ռեսուրսը, սակայն յուրաքանչյուրը` անկախ կուսակցական պատկանելիությունից, պատասխան է տալու ընտրակեղծիքների, մարդկանց հասցեին սպառնալիքների, ժողովրդին ճնշելու համար: «Կարեւոր չէ, թե ովքեր են այդ մարդիկ, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի կամ «Ժառանգության» անդամներ, բոլորը պատասխան են տալու»,-ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով` իր միակ ցանկությունն այն է, որ իրականանա ժողովրդի` իշխանություն ունենալու երազանքը, որը պատկանում է իրեն: Ինքը` Րաֆֆի հովհաննիսյանը խոստացավ արդարացնել իր վրա դրված հույսերը եւ առաջիկա 5 տարում մտադիր է իշխանությունը հանձնել երիտասարդ սերնդին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











