Հունվարի 21-ից Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի մոտ հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին փետրվարի 18-ին ժամը 16.30-ին, նստացույցով միացել է Հայաստանի 5 քաղաքացի: Նրանք պատրաստվում են գիշերը մնալ այնտեղ, իսկ ԿԸՀ-ի` ընտրությունների վերաբերյալ նախնական եզրակացությունը հրապարակելուց հետո նստացույցը շարունակել ԿԸՀ-ի դիմաց:

Դեռեւս հայտնի չէ` Անդրիաս Ղուկասյանը նրանց հետ կգնա ԿԸՀ-ի դիմաց, թե ոչ, եւ ԿԸՀ-ի առաջ նախատեսված նստացույցից հետո ինչ միջոցառում է նախատեսվում:

«Բողոքի խնդիր չկա, պահանջի խնդիր կա: Մենք միացել ենք  «Վերջ շինծու ընտրությունների» պահանջին,ամեն կերպով վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել են լռեցնել կամ ցույց չտալ քաղաքական այն կարգախոսը, որոնք ուղղված են եղել հանրությանը: Այս ընտրությունները շինծու ընտրություններ են, անընդհատ կեղծվել են, կեղծվելու են եւ այսօր էլ փաստը արձանագարվեց, որ կեղծվում են»,- ասաց նստացույց անող Սարո Սարոյանը: Նա շեշտեց, որ նստացույցի նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել շինծու ընտրություններին վրա, ուշադրությունը հրավիրել այդ կարգախոսին եւ համերաշխություն հայտնել դրան:

Իսկ թե ինչն է պատճառը, որ հացադուլ անող նախագահի թեկնածուին միացել են ընտրությունների օրը, նա նշեց, որ հենց այդ օրն են կատարվում հիմնական ընտրակեղծիքները, որի արդյունքում թույլ է տալիս  ռեժիմին վերարտադրվել:Թե ինչն է պատճառը, որ հունվարի 21-ից չեն միացել Անդրիաս Ղուկասյանին, նա նշեց, որ «թող չթվա, թե իր մոտ մարդիկ չեն, մշտապես նրա մոտ մարդիկ են եղել, բայց դա ակցիայի չեն վերածել»:

Սարո Սարոյանը նշեց, որ ռեժիմի տապալման համար անհրաժեշտ է, որպեսզի  հասարակությունը դիմի քաղաքացիական անհնազանդության, իսկ հացադուլը, նստացույցը  դրա ձեւերից մեկն են: «Եթե հանրությունը չի ընկալում պայքարի այս ձեւը, միգուցե ընդհանրապես չի ցանկանում ընկալել,թե ինչպես են պայքարում եւ հարցեր լուծում: Հանրությունը ինքը պետք է որոշի` ինչ է ուզում` ճորտի նման ապրել, թե իր միջոցով փոփոխություններ երկրում: Մեր նստացույցոով կոչ ենք արել հանրությանը տանը չնստել եւ դուրս գա փողոց, կատարի որոշակի գործողություններ, ինքը թող որոշի, թե ինչպես է իր անհնազանդությունը հայտնելու ռեժիմին, չընդունի այն գծված արդյունքները, որ հիմա ներկայացվելու են իրեն»,- նշեց Սարո Սարոյանը:

Ի դեպ, փետրվարի 19-ին դիտորդական առաքելությունների նախնական հրապարակումից հետո Անդրիաս Ղուկասյանը դուրս է գալու հացադուլից: Նրա մոտ հերթապահող բժիշկը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ նրա վիճակը բավարար է, ճնշումը տատանվում է, ցերեկը եղել է 90/60, այնուհետեւ` 100/60: Մեր այցելության ժամանակ Անդրիաս Ղուկասյանը քնած էր, ուստի չհաջողվեց խոսել նրա հետ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am