Իրանում արդեն արտադրվել է 20 տոկոս հարստացված ուրանի առաջին խմբաքանակը: Այդ մասին փետրվարի 11-ին Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ հանդես գալով Իսլամական հեղափոխության 31-րդ տարելիցին նվիրված հանրահավաքի ընթացքում:
Իրանի առաջնորդի խոսքով, Թեհրանը հանդես է եկել առաջարկությամբ, որ արեւմտյան երկրները երկրին ներկայացնեն 20 տոկոս հարստացված ուրանը:
Ահմադինեջադը նշել է, որ Իրանը հնարավորություն է տվել Արեւմուտքին վառելիք մատակարարել Թեհրանի Ամիր Աբադ լաբորատորիայի համար, բայց մերժում է ստացել:
Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը կարող է եռակի ավելացնել ուրանի արտադրության ծավալները, բայց չի ցանկանում, քանի որ «դրա անհրաժեշտությունը չկա»:
Նա նշել է նաեւ, որ ԻԻՀ գործողությունները որեւէ կապ չունեն ատոմային զենքի ստեղծման հետ. «Մենք չենք ցանկանում ատոմային ռումբ ստեղծել, քանի որ դրա կարիքը չունենք: Եթե մենք ցանկանանք ատոմային զենք ստեղծել, բաց կհայտարարենք այդ մասին եւ կստեղծենք այն»:




























