Թեեւ նախագահական նստավայրից դուրս գալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին կոչ էր արել գնալ իրենց գործերին, բայց մարդկանց մի մասը հավաքվել է Ազատության հրապարակում: NEWS.am-ի թղթակցի Ազատության հրապարակ այցելության ժամանակ այնտեղ էր գտնվում «Ժառանգության» ներկայացուցիչներ Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, իսկ ավելի վաղ այնտեղ էր նաեւ Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը. ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ այլք:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կազմակերպված միջոցառում ունեն վաղը ժամը 17.00-ին, բայց դա չի նշանակում, որ իրենք Ազատության հրապարակում չեն շփվելու ընտրողների հետ: «Այս բոլոր մարդիկ սպասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր այլ պարտականություններ կատարելուց հետո կգա եւ կշարունակի շփվել ժողովրդի հետ»,- նշեց նա` հավելելով, որ ժամը 18.00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կգա Ազատության հրապարակ, իսկ թե ինչ է սպասվում հաջորդ օրերին, դեռեւս հայտնի չէ:
Հարցին, թե նախագահական նստավայրից դուրս գալուց հետո ի՞նչ դիվանագիտական հանդիպումների է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դեռ ընտրությունները չեն ավարտվել, միջազգային դիտորդները վերջնական զեկույցները չեն հրապարակել, հետեւաբար` չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես նախագահի թեկնածու, եվրոպական կառույցների, ներկայացուցիչների, միջազգային դիտորդների հետ հանդիպումների լինի: «Չեմ բացառում, կգա, կպատմի նաեւ այդ հանդիպումների մասին, հանրությանը կներկայացնի ոչ միայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, այլեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը` հավելելով, որ դեռ չի զրուցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ չգիտի նախագահի հետ հանդիպման մանրամասները:
Որպես վերլուծաբան` Ստեփան Սաֆարյանը ճիշտ է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահի նստավայր հանդիպման գնալը: Նրա կարծիքով` ստեղծվել էր չափազանց վտանգավոր դրություն առաջին հերթին Սերժ Սարգսյանի համար, քանի որ խնդիր ունի հասարակության ճնշող մեծամասնության հետ, օրինակ` Երեւանում ապրող 10 մարդուց 4-ը չի եկել ընտրության, թքած ունի ընտրության վրա, չի ընտրում իրեն: «Սերժ Սարգսյանը մեզնից լավ գիտի, թե ինչպես են բերվում իր քվեները, մի չնչին մասն է միայն, որ կարող է գալ կուսակցական խողովակներով, մնացածը եկել է վարչական ճնշումների եւ փողի արդյունքում: Հետեւաբար, Սերժ Սարգսյանը հստակ հասկանում է, որ այսօր ժողովրդական աջակցություն վայելող թեկնածուն գտնվում է Ազատության հրապարակում, այսինքն` իշխանության լեգիտիմության աղբյուրը այստեղ է»,- նշեց նա:
Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նրան առաջարկ արեց գալ ժողովրդի առջեւ միասին բանավիճել եւ ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը, բայց Սերժ Սարգսյանը հրաժարվեց դա անել եւ իր խոսնակի միջոցով Րաֆֆի Հովհաննիսյանին պատրաստակամություն հայտնեց հանդիպել նախագահականում: «Մենք քանի որ գիտենք, որ այսօր հրապարակում լինելու է նաեւ Հանրապետական կուսակցության հանրահավաքը, ենթադրում էին, որ անկախ նրանից, որ Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը տարբեր առաջարկներ են արել միմյանց հանդիպելու վերաբերյալ, այնուամենայնիվ, այդ հանդիպումը կկայանա Ազատության հրապարակում, քանի որ երկու միջոցառումները խաչաձեւում են այստեղ: Սերժ Սարգսյանը խուսափեց գալ: Համենայն դեպս, պարզ էր, որ Սերժ Սարգսյանը խուսափում է Ազատության հրապարակ գալուց, որից հետո պարզ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ոչինչ չէր մնում, քան շարժվել նախագահական նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանին, ով եւս պատրաստակամություն է հայտնել: Հետեւաբար, ես կարծում եմ, որ տրամաբանության տեսանկյունից Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց ճիշտ քայլ է արել նախագահական նստավայր գնալով»,- նշեց նա` շեշտելով, որ նպատակը ոչ թե փակուղի ստեղծելն է, այլ հաղթանակը ամրագրելը:
Ստեփան Սաֆարյանը խորհուրդ է տալիս ոչ թե միջոցներին գնահատական տալ, այլ ձեռքբերված արդյունքներին: «Հանդիպումը ընդամենը միջոց է երկխոսությունը իշխանության փոխանցման վերաբերյալ կազմակերպելու առումով: Սերժ Սարգսյանը նախագահականի բանալիները փոստով չի ուղարկելու, Սերժ Սարգսյանը նախագահականի բանալիները այլ եղանակներով չի ուղարկելու, դրա համար առաջին հերթին պետք է հանդիպում, որ միշտ բաց պահեն հաղորդակցության խողովակները, ինչը եւ անում են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը` շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինիմալ պայմանները ապահովում է, որպեսզի Սերժ Սարգսյանը գա եւ ժողովրդին փոխանցի իշխանությունը:











