Բանգլադեշում ոստիկանների հետ բախումների հետեւանքով առնվազն 4 մարդ է զոհվել, եւս 200-ը` վիրավորվել են: Բանգլադեշի խոշորագույն իսլամիստական «Ջամաաթ-ի-Իսլամի» կուսակցության հազարավոր կողմնակիցներ բողոքի ցույց են արել դատարանի առջեւ` պահանջելով իրենց առաջնորդների ազատումը: 12 իսլամիստական կուսակցություններ մզկիթներում փողոց դուրս գալու կոչեր են արել:

Փալաշբարի քաղաքում ակցիան վերաճել է անկարգությունների. 4 հազար ցուցարարներ հարձակվել են ոստիկանների վրա, որոնք ամբոխին ցրելու համար մարտական փամփուշտներ են օգտագործել: Զոհվել է երկու ցուցարար:

Ցույցեր են եղել նաեւ Բանգլադեշի այլ քաղաքներում, այդ թվում Չիտագոնգե նավահանգստային քաղաքում եւ մայրաքաղաք Դաքքայում, որտեղ վիրավորվել է հինգ ոստիկան: Մի երիտասարդ զոհվել է Սիլխեթ քաղաքում, եւս մեկը` երկրի արեւմուտքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բողոքները երկրում սկսվել էին մի քանի շաբաթ առաջ, երբ մի խումբ բլոգերներ պահանջել էին մահապատժի ենթարկել «Ջամաաթ-ի-իսլամի»-ի առաջնորդներին, որոնց մեղադրում են Բանգլադեշի անկախության պայքարի ժամանակ` 1971թ. մարդկության դեմ հանցագործությունների մեջ: