D-Link միջազգային կորպորացիայի հետազոտական կենտրոններից մնացել են 3-ը, որից մեկը՝ Հայաստանում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց D-Link-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Շահնազարյանը: Նրա խոսքով՝ Հնդկաստանի հետազոտական կենտրոնը փակվել ու ամբողջությամբ տեղափոխվել է Հայաստան: D-Link-ի մյուս հետազոտական կենտրոնները գտնվում են Ռուսաստանում եւ Թայվանում: 

Ըստ Ա. Շահնազարյանի՝ նախորդ տարվա վերջում ունեին 107 ծրագրավորող՝ 900 դոլար միջին աշխատավարձով: Նրանց կեսը Գյումրիում է, կեսը՝ Երեւանում: Ներկայում ծրագրավորողների թիվը կրճատել են մինչեւ 64, որպեսզի այս տարվա շրջանավարտներից ընտրություն կատարեն: Ա. Շահնազարյանի խոսքով՝ մյուս տարվա վերջում ծրագրավորողների թիվը կհասցնեն 200-ի:

Բացի Գյումրիից՝ կենտրոն կստեղծվի նաեւ Երեւանում, այդ նպատակով շենք է գնվել, շուտով այնտեղ կընթանան վերանորոգման աշխատանքներ: Ըստ Ա. Շահնազարյանի՝ D-Link-ը Հայաստանում շահույթ չի հետապնդում: D-Link-ն ունի Soft անվանումը կրող արտադրանք, որի մի մասն արվելու է Հայաստանում: