Վենեսուելայի վախճանված նախագահ Ուգո Չավեսին «Լենինի նման» կզմռսեն, իսկ մարմինը կդնեն նրա հեղափոխության թանգարանում: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն:
Զմռսելուց հետո Չավեսի մարմինը կտեղափոխվի Կարակասի Հեղափոխության թանգարան: Իսկ մինչ այդ իշխանությունները վճռել են երկարացնել Չավեսի հրաժեշտի արարողության ժամանակը, որը պետք է ավարտվեր մարտի 8-ին: «Կոմանդանտեին կարելի կլինի տեսնել եւս յոթ օր», - Մադուրոյի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ նախատեսվել էր Չավեսին հուղարկավորել մարտի 8-ին: Սակայն մարտի 7-ին Վենեսուելայի կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլիեգասը հայտնել էր, որ հրաժեշտ տալ ցանկացողները չեն հասցնի մտնել ռազմական ակադեմիա:
Ուգո Չավեսին հրաժեշտ տալու պաշտոնական արարողությունը տեղի կունենա մարտի 8-ին` տեղի ժամանակով ժ. 11.00-ին (Երեւանի ժամանակով`19.30-ին), հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Վենեսուելա կմեկնեն բարձր մակարդակի 55 պատվիրակություններ:
Դրանից հետո նախագահի մարմինը կտեղափոխվի Լեռնային զորանոց, որտեղից 1992թ. փետրվարի 4-ին Ուգո Չավեսը ղեկավարել էր ռազմական հեղաշրջման փորձը: Այդ շենքում տեղակայված է պատմա-ռազմական թանգարանը, որը Չավեսը ցանկանում էր վերածել հեղափոխության թանգարանի:











