Ներկայումս հասարակությունում նկատելի է կանանց ակտիվ դերի աճի միտում, ընդ որում նրանք հավասարապես քննդատաբար են տրամադրված եւ իշխանությունների եւ ընդդիմության նկատմամբ: Այս մասին, այսօր` մարտի 8-ին, ասուլիսում նշեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

«Աստիճանաբար կնոջ դերը քաղաքականության մեջ ֆորմալ փուլից անցնում է իրական փուլի: Ընդ որում դա տեղի է ունենում երկրի ողջ քաղաքական դաշտում: Ստեղծված իրավիճակում հայ կանայք կարող են իրական ազդեցություն ունենալ քաղաքականության վրա»,-վստահություն հայտնեց նա:

Նրա խոսքով` կանայք այդքան կոնֆլիկտային չեն, որքան` տղամարդիկ: «Ներկայումս Հայաստանում ձեւավորվել է ժամանակակից հասարակություն, սակայն արխայիկ մոտեցումները դեռեւս պահպանվել են: Հասարակությունն արդեն պետք է պահանջի, որպեսզի հրապարակային հայտարարություններ անող մարդիկ հարգեն միմյանց` անկախ ամեն ինչից: Եկել է ժամանակը, որպեսզի կինը համոզվի, որ հենց ինքն է պատասխանատու իր բոլոր խնդիրների լուծման համար»,-ասել է քաղաքական գործիչը:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am