Ֆոլքլենդյան կղզիների բնակչության մեծամասնությունը հանրաքվեին միաձայն կողմ են արատահայտվել կղզիների՝ բրիտանական տարածքի կարգավիճակը պահպանելուն: 1517 հոգուց միայն  երեք մարդ (1,2%) էր դեմ քվեարկել: Մասնակցության հայտը կազմել էր 92%: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո կղզիների բնակիչները սկսել են տոնել հաղթանակը: 

Ֆոլքլենդների քաղաքական կարգավիճակի հանրաքվեն անցկացվել էր մարտի 10-11-ին` կղզիների պատկանելության իրավունքը վիճարկող Բրիտանիայի եւ կղզիները Մալդիվյան անվանող Արգենտինայի տեւական պայքարի ֆոնին: Հանրաքվե անցկացնելու վճիռը կայացվել էր  Ֆոլքլենդների կառավարության կողմից, որը պնդում է, որ կղզիները Բրիտանիայի տարածքն են, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Պաշտոնական Բուենոս Այրեսն արդեն հայտարարել է, որ չի ճանաչում հանրաքվեի արդյունքները: Արգենտինայի ԱԳՆ-ի ղեկավարը նախկինում մարտի 10-11-ը տեղի ունեցող հանրաքվեն բնութագրել էր որպես  PR-ակցիա, հայտնում է Euronews-ը:

Հանրաքվեի արդյունքները ողջունել է Բրիտանիայի ԱԳՆ-ի ղեկավար Ուիլյամ Հեյգը, գրում է lenta.ru-ն։ Նա հայտնել է, որ 21-րդ դարում պետք է ճանաչել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, եւ «բոլոր երկրները պետք է ճանաչեն այս հանրաքվեի արդյունքները»:

Ֆոլքլենդները կարեւոր միջանցք են Ատլանտյանից դեպի Խաղաղ օվկիանոս ճանապարհին եւ թույլատրում են վերահսկել Հարավային Ատլանտիկան: Մի քանի տարի առաջ այդ տարածքում նավթ էր հայտնաբերվել: 1982թ. Արգենտինայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ պատերազմ էր սկսվել վիճահարույց կղզիների պատճառով, որն ավարտվել էր անգլիացիների հաղթանակով, այն ժամանակ զոհվել էին 649 արգենտինացի զինծառայող եւ 258 բրիտանացի: