ԱՄՆ  Չանդլեր քաղաքում (Արիզոնա նահանգ) տեղի են ունեցել ջայլամներով ավանդական մրցումները: Թամբելով ջայլամներին`  սաղավարտներով տղամարդիկ ձգտել են որքան հնարավոր է շատ մնալ նրանց վրա: Իհարկե, ոչ բոլորին էր դա հաջողվել, սակայն եւ հանդիսատեսը եւ մասնակիցները անասելի բավականություն են  ստացել, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Մասնակիցներից մեկի խոսքով` ջայլամ հեծնելը նույնն է, ինչ նստել չկառավարվող ավտոմեքենայի ղեկին`առանց ամրագոտիները կապելու: Նրանք նաեւ կատակել են. Ջայլամը երկու արագություն ունի` զրոյական եւ լրիվ: Հայտնի է, որ ջայլամները կարող են վազել մինչեւ 50 կմ/ժ արագությամբ: Եւ ընթացքի ժամանակ, ջայլամի վրայից ընկնելուց, գործնականորեն վնասվածքներից հնարավոր չէ խուսափել:

Ջայլամներով մրցույթի ավանդույթը սերտորեն կապված է Չանդլերի պատմության հետ, որտեղ 1890 –ից մինչեւ 1920-ական թվականները ջայլամներ են բազմացրել` փետուրների համար: Ավելի ուշ նրա փետուրներով գլխարկների նորաձեւությունը վերացել է եւ ջայլամներն արդեն անպետք էին: Ավելի քան քսան տարի առաջ այստեղ փառատոն է անցկացվել ի պատիվ այս խոշոր թռչնի, որն իր ներդրումն ունի տարածաշրջանի զարգացման մեջ: