Ամերիկյան Ֆլորիդա նահանգում իսկական հրաշք է տեղի ունեցել: Որովայնային հատվածի գրեթե բոլոր օրգանների փոխպատվաստման ենթարկված կինը կարողացել է մայր դառնալ: Կին-լեգենդը Ֆաթիմա ալ Անսարին է՝ Քաթարի բնակչուհին:

Երկու շաբաթ առաջ Մայամիի ծննդատանը նա առողջ եւ գեղեցիկ աղջիկ է լույս աշխարհ բերել, սա աշխարհում հինգ փոխպատվաստված օրգանով կնոջ մայրանալու առաջին դեպքն է: Բժիշկներն ասում են, որ կինը եւս մեկ երեխա կարող է ունենալ:

Օրգանների փոխպատվաստման բազմաթիվ վիրահատություններին նա ենթարկվել էր 2007թ.: 19 տարեկանում հայտնաբերված զարկերակի տրոմբի պատճառով փոխպատվաստել էին նրա լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը, բարակ եւ հաստ աղիքները, հայտնում է ՆՏՎ-ն:

Այնուամենայնիվ, 2012թ. նա հղիացել էր: Հղիության ընթացքում որոշակի բարդություններ էին ծագել, սակայն հիմա երջանիկ կինը յոթերորդ երկնքում է: