Հնդկաստանի Կերալա նահանգի իշխանությունները գրավի դիմաց բաց են թողել  փառատոնի ժամանակ ավերածություններ գործած երեքմետրանոց հսկային: Ռաման անունով հնդկական փիղը երկրում առաջին կենդանին է, որին  երեք մարդու սպանության մեղադրանք է առաջադրվել:

Կերալա նահանգում  2013թ. հունվարի 27-ին կրոնական փառատոնի ժամանակ փիղն ավերածություններ է գործել, ինչի հետեւանքով երեք կին է զոհվել: Ռամանի  վարքի պատասխանատվությունը դրվել է նրա տերերի՝ Փերումբավուրի քաղաքապետարանի տաճարների կառավարման կոմիտեի վրա: Ողբերգության մեղավորին կալանավորել են:

Հերթական նիստի ժամանակ դատարանը համաձայնել է մարդասպան փղին ազատ արձակել 42 500 եվրո տուգանքի դիմաց եւ կոմիտեի երկու աշխատակիցների երաշխավորությամբ, հայտնում է Life News-ը:

Ռամանին արգելվել էր հետագա երեք ամիսներին մասնակցել հրապարակային միջոցառումներին: Կենդանուն բուժզննում են նշանակել, որի արդյունքներից հետո իշխանությունները կվճռեն նրա հետագա ճակատագիրը: