Հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային խոշոր ընկերությունները փետրվարի 15-ին Բարսելոնում կայացած համաշխարհային համաժողովի ժամանակ հայտարարել են նոր Wholesale Applications Community դաշինքի ստեղծման մասին, որի նպատակը լինելու է բաց պլատֆորմի ստեղծումը, ինչը ծրագրային ապահովում թողարկողներին հնարավորություն կտա ստեղծել ծրագրեր, որոնք կիրառելի կլինեն բջջային հեռախոսների մոդելների մեծամասնության վրա։ Սա հաճախորդների մի հոծ զանգվածի ինովացիոն ծրագրերի եւ ծառայությունների ավելի մեծ ընտրության հնարավորություն կընձեռի։
Բջջային կապի արդյունաբերությունը վերջապես որոշել է միավորել իր ջանքերը, որպեսզի մարտահրավեր նետի բջջային ծրագրերի շուկայում գերակա դիրք ունեցող Apple ընկերությանը։
Ներկայումս նորաստեղծ միության անդամ են դարձել 28 ընկերություններ, ներառյալ բջջային հեռախոս արտադրող խոշոր այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են LG Electronics-ը, Samsung-ը, Sony Ericsson-ը եւ բջջային կապի երկու տասնյակից ավելի օպերատորներ։ Միությունը հույս ունի, որ իրեն կմիանան նաեւ այլ ընկերություններ։ Օպերատորների հաճախորդների միասնական բազան կազմում է 3 միլիարդից ավելի բաժանորդն։
Ведомости ինտերնետային բիզնես պարբերականի հաղորդմամբ, վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերվում այսպիսի մեծ քանակի մասնակիցների արդյունավետ համագործակցությանը՝ նոր բրենդ ստեղծելու գործում, որը կարող է Apple-ին մարտահրավեր նետել։ «Այդ օպերատորներից մի քանիսը՝ օրինակ AT&T եւ Sprint-ը մոլեգնորեն մրցակցում են իրար հետ եւ միշտ փորձում են առանձնանալու միջոց գտնել, որպեսզի մեծացնեն շուկայում ունեցած իրենց բաժինը»,- նշել է Informa Telecoms & Media ընկերության վերլուծաբան Մարկ Նյումանը։
«Նրանք Apple-ի բրենդի եւ մարկեթինգային ուժի կարիքը ունեն»,- իր հերթին հավելել է Frost & Sullivan ընկերության վերլուծաբան Սավերիո Ռոմեոն։
«Միշտ, երբ Սթիվ Ջոբսը (Apple-ի ղեկավարը) որոշում է նոր արտադրանք, ծառայություն, սարք թողարկել, ողջ աշխարհը եւ հասարակ մարդիկ օրերով քննարկում են դա»,-ընդգծել է Ռոմեոն։




























