Ռուսաստանը չի փոխել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիրքորոշումը: Ինչպես փետրվարի 16-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, այդ մասին Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ հանդիպմանը:

«Ռուսաստանի դիրքորոշումը Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին մնացել է անփոփոխ: Նախագահը այդ մասին հայտարարել է Պիտսբուրգում՝ Իրանին նվիրված առանձին հայտարարության մեջ»,- նկատել է Տիմակովան:

Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է վստահ լինի, որ Իրանի ատոմային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, «բայց այդ պարտավորությունների չկատարման դեպքում ոչ ոք չի կարող բացառել պատժամիջոցների կիրառումը»:

Հիշեցնենք, որ Իսրայելի վարչապետի այցից առաջ որպես այդ այցի հիմնական նպատակ նշվում էր Իրանի վրա ճնշում գործադրելու համար Ռուսաստանի աջակցությունն ստանալը: