Մարտի 17-ին աշխարհի տարբեր երկրներում եւ Իռլանդիայում նշում են Երկրի հովանավոր սուրբ Պատրիկի հիշատակի օրը: Մարդիկ փողոց էին դուրս եկել կանաչ հագուստներով: 

Սուրբ Պատրիկի օրը նաեւ պետական տոն է Մոնտսերատում: Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում եւ Նոր Զելանդիայում այն նշվում է հանդիսավորությամբ, սակայն պաշտոնական տոն չի համարվում: Տոնի պաշտոնական խորհրդանիշն են երեքնուկը եւ իռլանդական դրոշը:  

Այս տարի Դուբլինում երթը գլխավորել է իռլանդացի երգիչ, իռլանդական հայտնի Westlife փոփ խմբի նախկին մասնակից Նիկի Բիրնին:  Իռանդիայում տոնի հիմնական եւ անբաժանելի մասն է նաեւ առատ հորդող գարեջուրը: Սան Ֆրանցիսկոյում տաքսիների մասնավոր ընկերություններից մեկը սուրբ Պատիկի օրը հարբած իռլանդացիներին անվճար տուն հասցնելու ծառայություն է հայտարարել:

Օրինակ, Չիկագոյում այդ օրը գետի ջուրը կանաչ ներկելու ավանդույթ կա: Վստահեցնում են, որ ներկն անվնաս է եւ մնում է միայն մի քանի ժամ:

Պաշտոնական վարկածով, մ. թ. 415թ. մարտի 17-ին Ուելսում` հռոմեացի Կալֆուրնիուսի եւ Կոնչեսի ընտանիքում ծնվել է տղա` Մեիուայն Սուկատը: 16 տարեկանում նա  գերեվարվել է  ծովահենների կողմից եւ բերվել Իռլանդիա, որտեղ ծառայել է Միլչու անունով ցեղապետին: Երիտասարդ Պատրիցիուսն ստիպված է եղել հովիվ դառնալ, հենց այդ ժամանակ էլ նա հավատացել է Աստծուն` սկսելով աղոթել:

Իռլանդիայում նա երկրին  քրիստոնեական հավատք նվիրած եւ օձերին հաղթած սուրբ է համարվում: Հավատում են նաեւ, որ նա երեքնուկի միջոցով մարդկանց բացատրել է Սուրբ Երրորդության  էությունը:

Սակայն սուրբ Պատրիկի օրն ունի նաեւ հեթանոսական մոտիվներ:  Նրա հերոսներից են լեպրեկոնները` հեքիաթային  արարածները: Եթե  ինչ-որ մեկին հաջողվի բռնել լեպրեկոններին, ապա վերջիններս պետք է պատմեն` որտեղ են թաքցված գանձերը: Սակայն այդ մարդուկները շատ խորամանկ են, նրանք դյուրությամբ կարող են մոլորեցնել գանձեր որոնողներին: