Ավստրալիայի Ոսկե ափ հայտնի հանգստավայրում կենդանի արձան մարմնավորող դերասանը պատժել է իրեն ձանձրացրած զբոսաշրջիկին: Արձանը կենդանացել է եւ մի շառաչուն ապտակ հասցրել տղամարդուն:
Կովբոյի զգեստ հագած եւ մոխրագույն ներկված դերասանը մարմնավորել է կենդանի արձանի: Հանդիսատեսները հաճույքով են դիտել, թե ինչպես է անշարժ տղամարդն անսպասելի մեկնում ձեռքը եւ բարեւում անցորդներին:
Այդ ժամանակ դերասանին է մոտեցել մի երիտասարդ եւ սկսել զզվեցնել նրան` ձեռք տալով շորերին եւ դեմքին: Սկզբում կովբոյը ոչ մի կերպ չի արձագանքել: Սակայն երբ զբոսաշրջիկը նրա դեմքի առաջ սկսել է ձեռքը թափահարել, արձանն այլեւս չի դիմացել եւ հարվածել է նրա կզակին, հայտնում է Life News-ը:
Հոլովակը դիտած համացանցի բազմաթիվ օգտվողները կարծում են, որ երիտասարդն արժանի էր ապտակին:











