Ամերիկյան ալիքներից մեկի երեկոյան լուրերի հաղորդավարուհի Ջուլիան Պավլիկային ուղիղ եթերում իր ձեռքն ու սիրտն է առաջարկել նրա գործընկերը: Ռոմանտիկ տեսարանից մի քանի վայրկյան առաջ նա անձամբ է կարդացել այդ մասին նորությունը, հաղորդում է FOX54-ը:
Անցնելով հերթական նորությանը, Ջուլիանն ասել է. «Մենք պետք է ձեզ արտակարգ լուր հաղորդենք: FOX54 հեռուստաալիքին հայտնի է դարձել, որ նորությունների հաղորդավարն ուղիղ եթերում ամուսնության առաջարկ է ստացել»,-Ջուլիանի խոսքը մեջբերում է NEWSru Israel-ը:
Մինչ հաղորդավարուհին կարդում էր առաջարկությունը, նրա գործընկերներն արագ դուրս են եկել ստուդիայից եւ նրանց տեղը զբաղեցրել է Ջուլիանի փեսացուն՝ Վինսը: Նա ծնկի է իջել եւ արտասանել նման դեպքերում ավանդաբար ասվող խոսքը. «Ջուլիան Պակլիկա, դու ինձ հետ կամուսնանա՞ս»: Դրան հուզված Ջուլիանը երջանկության արցունքներն աչքերին պատասխանել է «Այո»: Վինսը մատանին դրել է Ջուլիանի մատին եւ նրանք համբուրվել են:
Պարզվել է, որ Nine O`Clock News հաղորդման պրոդյուսեր Դանա Քոնլին իմանալով, որ ոչ ստանդարտ իրավիճակ է ստեղծվելու, նախազգուշացրել է Ջուլիանին, որ նորությունների բլոկից հետո արտակարգ լուր է ստացվելու, որը պետք է կարդալ մյուս լուրերի շարքում: Քոնլին խոստովանել է, որ ինքն է գրել տեքստը եւ տեղադրել վազող տողում:











