Վատիկանում մարտի 19-ին մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի գահակալման արարողությունը: Արարողության սկզբում պատրիարքը բաց մեքենայով անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով` ողջունելով հազարավոր ուխտավորների եւ զբոսաշրջիկների:
Կարճ շրջայցից հետո նա մտել է Սուրբ Պետրոսի բազիլիկ, որտեղ նրան սպասել են տոնական հագուստներ հագած կարդինալներն ու հոգեւորականները: Պատարագից առաջ Պապն իջել է Սուրբ Պետրոսի գերեզմանի մոտ, իսկ տաճարում կանգնած երգչախումբը կատարել է «Tu es Petrus» («Դու ես Պետրոսը»):
Ապա կարդինալները Ֆրանցիսկոսին են հանձնել Ձկնորսի մատանին եւ թիկնոցը: Թիկնոցը պատրաստված է գառան եւ ոչխարի մորթուց, որը գցել են Ֆրանցիսկոսի ուսերին: Դա խորհրդանշում է, որ այժմ նա բարի հովիվ է, ով իր ուսերին է կրում կաթոլիկ եկեղեցու հոտի պատասխանատվությունը: Իսկ մատանին նշանակում է, որ նա Պետրոս առաքյալի ժառանգորդն է:
Արարողությունից հետո Պապը դուրս է եկել տաճարից եւ զբաղեցրել տեղը խորանի մոտ, որ տեղադրվել է հատուկ գահակալման համար: Պապը աղոթք է կարդացել եւ նստել: Կարդինալներից մեկը փորձել է ծնկի իջնել, սակայն Պապը ուժով ետ է պահել նրան:
Նշենք, որ գահակալմանը մասնակցում են բարձրաստիճան հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:











