Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում գահակալման արարողության իր քարոզի ժամանակ հավատացյալներին կոչ է արել հարգել բոլոր կենդանի արարածներին եւ հոգ տանել նրանց մասին: Պապը հիշեցրել է, որ կյանքի օրոք Ֆրանցիսկոս Ասիզեցին հարգել եւ խնամել է իրեն շրջապատող ամեն ինչ եւ միշտ սիրով է վերաբերվել յուրաքանչյուր մարդու, հատկապես՝ երեխաներին, ծերերին եւ կարիքավորներին:
«Մենք պետք է թույլ տանք, որ լույսի ճառագայթը ցոլա ամպերի միջից: Այսօր խավարում մենք պետք է տեսնենք հույսի շողը, պահպանենք Աստծո ստեղծածը, հոգ տանենք յուրաքանչյուր տղամարդու եւ կնոջ մասին: Հոգ տանենք բոլորի նկատմամբ՝ ահա ինչումն է Հռոմի եպիսկոպոսի ծառայությունը: Աղոթեք ինձ համար», - ամբոխին է դիմել Պապը, հաղորդում է gazeta.ru-ն:
Ֆրանցիսկոս պապն առանձին խնդրանքով դիմել է քաղաքական առաջնորդներին՝ նրանց կոչ անելով պահպանել մարդկանց, բնությունը եւ «Աստծո ստեղծածը»: «Մենք պետք է չվախենանք բարությունից եւ քնքշությունից» - ծափահարությունների ներքո հավելել է Ֆրանցիսկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հռոմի պապի քարոզից հետո աղոթքներ են հնչել հինգ լեզուներով՝ ռուսերեն, ֆրանսերեն, արաբերեն, սուախիլի եւ չինարեն: Ֆրանցիսկոսը հաղորդություն է տվել իրեն մոտեցած կարդինալներին, իսկ 500 հոգեւորականներ հաղորդություն են տվել հրապարակում հավաքվածներին:











