Ֆրանկոֆոնիայի միամսյակի մեկնարկի կապակացությամբ Հայաստանում գտնվող ծագումով հայ ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոյի ուղեկցությամբ, այսօր՝ մարտի 19-ին, այցելել է Երեւանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի` հյուրերը այցելել են Երեւանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթաել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին: (ֆոտոռեպորտաժ)

Պատվիրակությունը կանգ է առել նաեւ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Երգչուհին գրառում է կատարել գործարանի հուշագրքում:

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը տիկին Սեգարային նվիրել է սահմանափակ խմբաքանակով թողարկած «Արարատ Արմենիա» կոնյակը:  

Նշենք, որ այսօր` մարտի 19-ին, ժամը 20:00 Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա Հելեն Սեգարայի համերգը: Միջոցառումը տեղի կունենա ՀՀ արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: