ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի Իսրայել այցի առաջին օրն ավարտվել է երկու պետությունների ղեկավարների տեւական բանակցություններով: Բանակցությունների թեմաներն էին Իրանը, Սիրիան, Եգիպտոսը` Մերձավոր Արեւելքի քաղաքականության նոր իրողությունները:

Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն հայտնել է, որ եթե Իրանը վճռի միջուկային զենք արտադրել, ապա կպահանջվի մեկ տարի:  Դրան Բարաք Օբաման պատասխանել է. «Մենք նախընտրում ենք այդ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծել: Ժամանակ դեռ կա»: Նա հավելել է, որ Իրանի առաջնորդները «պետք է իրենց հաշիվ տան, որ պետք է կատարեն ստանձնած միջազգային պարտավորություները»:

Խոսելով Պաղեստինի հակամարտության մասին` Նեթանյահուն հայտնել է, որ շատերը չեն հավատում, թե իր նոր կառավարությունը պաղեստինցիների նկատմամբ վարելու է կառուցողական քաղաքականություն: Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները նախկինի պես «լիովին հավատարիմ են խաղաղության ձեռքբերման եւ երկու ժողովուրդների համար երկու պետությունների ստեղծման քաղաքականությանը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախագահ Օբաման իսրայելցի իր զրուցակիցներին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն լիովին սատարում է Իսրայելի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Նա հավելել է, որ Վաշինգտոնը 200 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրի  «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության զարգացման համար:

Նախագահն այցելել է նաեւ հնագույն Բեթղեհեմ, որտեղ բանակցությունների համար Ռամալայից կժամանի Մահմուդ Աբասը: Բարաք Օբաման  Սուրբ Ծննդյան տաճար այցելած ԱՄՆ-ի առաջին գործող նախագահն է, տաճար ներս մտնելու համար պետք է խոնարհվել: Սուրբ հողում դեռ կան ուժեր, որոնց առաջ գլուխներն են խոնարհում այս աշխարհի տերերը, նշում է vesti.ru-ն: