Հաշվի առնելով այն, որ Երեւանի ավագանու ընտրություններում փակ տեղամասերում քվեարկություն չի նախատեսվում, Երեւանում ընտրատեղամասերի թիվը 469-ից հասել է մինչեւ 464-ի: Այս մասին NEWS.am-ին ասել է ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը` նշելով, որ անփոփոխ է մնացել Երեւանի ընտրատածքային հանձնաժողովների թիվը` 13:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար 6 կուսակցություն եւ մեկ դաշինք է առաջադրվել` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, «Առաքելությունը», ՀՅԴ-ն եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որտեղ քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ցուցակների գրանցումը կկատարվի մարտի 22-31-ին, նախընտրական քարոզչությունը կսկսվի ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան բացառապես համամասնական ընտրակարգով:




























