Երեւանի ավագանու ընտրությունները երկրի քաղաքական կյանքում լուրջ երեւույթ են, քանի որ դրանցից է կախված նախագահական ընտրությունների արդյունքների հանդեպ վստահությունը: Այս մասին այսօր՝ մարտի 27-ի մամուլի ասուլիսում նշել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ հայերի մեծ մասն անձին է ընտրում, հետեւաբար հնարավոր է նախագահական ընտրությունների սցենարի կրկնությունը:  «Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն գլխավորում իրենց կուսակցությունների համամասնական ցուցակները, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց ստացած ձայների թվի վրա», - ընդգծել է սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը նշել է, որ այսօրվա դրությամբ Երեւանի բնակիչների մեծ մասը նախընտրում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Մեկ շաբաթից պատրաստ կլինեն Երեւանի բնակիչների նախընտրություններն արտացոլող հարցման արդյունքները», - ասել է սոցիոլոգը՝ հավելելով, որ կարեւոր է այն, թե որքանով քաղաքականացված կլինեն քաղաքապետի ընտրությունները, քանի որ դրա արդյունքում փոքր կուսակցությունները դժվար դրությունում կհայտնվեն:

«Ակնհայտ է, որ ԲՀԿ-ն, որի ծրագիրը հիմնականում սոցիալ-տնտեսական է, առաջ կմղվի, ամենայն հավանականությամբ, պայքարը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ կլինի:  Եթե Րաֆֆի Հովհաննիսյանին տրված ձայները վերադառնան հասցեատերերին, ձայների մեծամասնությունը կբաշխվի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ», - կարծում է Ադիբեկյանը: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն եւ մասամբ  ՕԵԿ-ը ձայների մեծամասնությունը մարզերից են ստանում, ինչը հարկ է հաշվի առնել մայրաքաղաքային ներկայացուցչական մարմին անցնելու նրանց հնարավորությունները գնահատելիս:

NEWS.am-ի թղթակցի դիտարկմանը, որ նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի քան 40% ձայն էր հավաքել, սոցիոլոգը նշել է, որ դրա գրեթե կեսը (մայրաքաղաքի ընտրազանգվածի 22%) իր սեփականն են: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կպայքարեն առաջին տեղի համար, ՀԱԿ-ը եւ «Բարեւ, Երեւան» դաշինքը՝ երկրորդ, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը՝ երրորդ տեղի համար», - ամփոփել է Ահարոն Ադիբեկյանը:

 

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am