«Իրանը Հայաստանի թե՛ նախկին, թե՛ ներկա նախագահների հետ ունեցել է եւ ունի ջերմ հարաբերություններ: Եւ քանի որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեծ դեր է ունեցել երկու երկրների հարաբերությունների ջերմացման հարցում, Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի հրավերով նա երկօրյա այցելություն կատարեց մեր երկիր, որի ընթացքում հանդիպեց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ»,- փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի Իրան այցելությունը, հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայանին:
Այնուհետեւ անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, նա տեղեկացրեց, որ 3 շաբաթ առաջ տեղի է ունեցել երկու երկրների միջեւ միջկառավարական խորհրդի 9-րդ նիստը, որը գլխավորել են Իրանի ԱԳ նախարար Մ. Մոթաքին եւ Հայաստանի էներգետիկայի նախարար Ա. Մովսիսյանը: Դեսպանի ներկայացմամբ, երկու երկրների հարաբերությունների շրջանակում է 3-րդ բարձրավոլտ գիծ անցկացնելու խնդիրը, Իրան-Հայաստան գազամուղի շահագործումն ու նոր երկաթուղու եւ ավտոճանապարհի կառուցումը: Սպասվում է, որ ազատ առեւտրի համաձայնագիր կստորագրվի Հայաստանի ու Իրանի միջեւ, որն էլ ավելի կխորացնի տնտեսական համագործակցությունը:




























