Պարապլաներիստ Արմեն Սարգսյանը պարապլանով թռնելն օգտագործում է նաեւ իր ապրումներն արտահայտելու համար: Ամիսներ առաջ նա թռավ Երեւանի վրա եւ իր սիրած աղջկան սիրո խոստովանություն արեց երկնքից մեծ գրությամբ: Այս անգամ Արմենը ցանկացավ հորդորել Ռաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին: Նա թռավ Հատիս լեռան գագաթից իր հետ թռցնելով Բարեւ գրությունը: Իր «օդային ունակությունները» նա այս տարի կփորձարկի Բուլղարիայում անցկացվող պարապլաներիստների մրցաշարի ժամանակ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Արմեն Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը  29 տարեկան է, 1999թ զբաղվում է պարապլաներային սպորտաձեւով: Ավարտելով Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, բանակում ծառայելուց հետո նա սկսել է լրջորեն զբաղվել այդ սպորտաձեւով: «Մանկուց երազել եմ թռնելու մասին, միշտ ինձ կապել եմ այդ աշխարհի հետ, իսկ պարապլանը ամենահասանելի եւ հեշտ տրվող սպորտաձեւերից է: Ինքնաթիռից շատ է տարբերվում, ինքնաթիռում կաբինայի մեջ ես, իսկ այս դեպքում դուրսն ես, զգում ես, թե ոնց է թռնում»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ պարապլանը, թեեւ արտաքինից նման է պարաշյուտին, բայց սկզբունքորեն տարբերվում է դրանից, քանի որ եթե պարաշյուտը անկումը կանխելու համար է, պարապլանը թույլ է տալիս սավառնել թռչունների պես: «Օգտագործելով միայն այդ տաք հոսանքը, մենք կարողանում ենք բարձրանալ վերեւ, սարի վար ենք, բացում ենք պարապլանը, թռնում ենք, օգտագործելով այդ տաք հոսանքը, թռնում ենք վերեւ»,- ասաց նա:

Նշենք, որ պարապլաներային սպորտաձեւը աշխարհում ամենաերիտասարդ սպորտաձեւերից մեկն է եւ մոտ 20 տարվա պատմություն ունի։ Պարապլանը առանց շարժիչի թեթեւ թռչող սարք է,որը կշռում է 5-7 կգ եւ շարժվում ժամում առավելագույնը 20-70 կմ/ժ արագությամբ։

Արմեն Սարգսյանը շեշտեց, որ այս սպորտաձեւը շատ հասանելի է, թռչելու համար միայն ցանկություն է պետք, պարտադիր է նաեւ վախը: «Եթե կա ցանկություն թռնելու, պարապլանը ամենահեշտ տարբերակներից մեկն է: Վախը պարտադիր բան է, անպայման պետք է լինի, այլապես անվախ մարդը կարող է սխալներ գործել»,- ասաց նա: Ի դեպ, եթե ինչ-որ մեկը ցանկություն ունի թռչել, ապա իրենք այդ հնարավորությունը տալիս են: Այդ անձին կապում են մասնագետին եւ հատուկ պարապլանով նրանք թռնչում են, Արմեն Սարգսյանի հետ մեկ անգամ թռչելն արժե 20 հազար դրամ:

Օրեր առաջ Արմեն Սարգսյանը «բարեւ» թռիչք է կատարել Հատիս լեռանից` այդպիսով իր զորակցությունը հայտնելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը: «Թռա, որ ցույց տամ, որ ինչ-որ ձեւով աջակցում եմ «բարեւհեղափոխությանը», կուզենայի, որ մարդիկ համարձակ լինեն, որովհետեւ շատերն են «բարեւհեղափոխական», բայց այդքան խիզախություն չունեն արտահայտվելու»,- ասաց նա:

Նրա «բարեւ» թռիչքի մանրամասները` տեսանյութում