Մարսի մթնոլորտում իներտ արգոն գազի իզոտոպային կազմի ստուգումները վկայում են, որ նախկինում Կարմիր մոլորակի մթնոլորտը մի քանի անգամ ավելի խիտ էր եւ պայմանները մոլորակում պիտանի էին կյանքի համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սուշիլ Ատրեյան` Curiosity-ի վրա տեղադրված SAM (Sample Analysis on Mars) սարքի հետ աշխատող խմբի համանախագահը:

Նրա խոսքով, գիտնականները վերջերս ավարտել են արգոնի իզոտոպային կազմի ստուգումը` թեթեւ արգոն-36-ի եւ ծանր արգոն-38-ի համամասնությունները: Պարզվել է, որ ծանր արգոնը 4,2 անգամ ավելի քիչ է: «Դա նշանակում է մթնոլորտից արգոնի ահռելի արտահոսք է եղել, արդյունքում ծանր իզոտոպը մնացել է տեղում, թեթեւը` «թռել»»,- նշել է Ատրեյան` Վիեննայում կայացած ասուլիսում:

«Ավելի վաղ մենք նմանատիպ տվյալներ ստացել էին ջրում ջրածնի եւ ածխաթթու գազում թթցածնի ու ածխածնի իզոտոպային կազմերի հետ, եւ դրանք եւս նույն ուղղություն էին նշել»,- ասել նա: Ըստ գիտնականի, մոտ 4 մլրդ տարի առաջ մոլորակի մթնոլորտի 85-95 տոկոսը կորսվել է: