Ռուսաստանը մտադիր է կատարել կնքված պայմանագիրը եւ Իրան մատակարարել С-300 հրթիռային համալիրներ։ Փետրվարի 19-ին «Интерфакс». գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Նրա խոսքով, Ռուսաստանը պայմանագիր է կնքել С-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին եւ մտադիր է կատարել այն, իսկ մատակարարման հետ կապված ձգձգումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով։

Ռյաբկովը նշել է, որ Մոսկվան դեմ է Իրանին «անդամալույծ դարձնող» պատժամիջոցների կիրառմանը։

«Խոսել պատժամիջոցների մասին, որոնք կարող են մեկնաբանվել որպես պատիժ ամբողջ երկրի եւ ժողովրդի այս կամ այն գործողությունների կամ անգործության համար, անթույլատրելի է»,-ընդգծել է փոխնախարարը։

Ռյաբկովի կարծիքով ռուս-իրանական ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցերը շատ քաղաքականացված են, եւ ամենեւին էլ պետք չէ համագործակցության այդ ուղղությունը կապել Իրանի միջուկային ծրագրի շուրջ եղած իրավիճակի հետ։