Իրանի ԱԳՆ-ն չի հաստատել լուրը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի՝ Երեւանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սարգսյանը հայտարարել է, թե արտաքին ուժերի միջամտությունը Սիրիայում հանգեցրել է բռնության ու սպանությունների շարունակության, բարդացրել է իրավիճակն արաբական այդ երկրում։ Իրանի ԱԳՆ-ում NEWS.am-ի հարցմանն ի պատասխան խորհուրդ տվեցին ծանոթանալ հաստատության պաշտոնական կայքում տեղադրված հանդիպման մասին հաղորդագրությանը։
Սալեհիի այցի կապակցությամբ Իրանի ԱԳՆ տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է. «Հայաստանում հանդիպումների ընթացքում, Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին ընդգծել է Երեւանի ու Թեհրանի միջեւ բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ եղած պոտենցիալն անհրաժեշտ է օգտագործել փոխադարձ համագործակցության հետագա զարգացման համար։ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Հայսաստան էր եկել նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու եւ եւ փոխանցել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի շնորավորանքներն իր հայ գործընկերոջը՝ երկրորդ անգամ ընտրվելու կապակցությամբ։
Իր հերթին Հայաստանի նախագահը երկու երկրների միջեւ հարաբերությունները հատուկ է անվանել՝ հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան տնտեսության, առեւտրի եւ մշակույթի ոլորտներում։ Իրանի ԱԳ նախարարը Երեւան էր ժամանել ապրիլի 8-ի երեկոյան՝ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության ուղեկցությամբ»։




























