Երեկ հրապարակվել է ցանցային պատրաստվածության 2013 թ. ինդեքսը, որտեղ Հայաստանն առաջընթաց է գրանցել 12 տեղով՝ 184 երկրների շարքում զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը: Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին ՀՀ կառավվարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը:
«Մանրամասն վերլուծությունը ցույց է տալիս, որ դեռեւս ունենք լուրջ անելիքներ, որովհետեւ նույնիսկ տարածաշրջանում ետ ենք մնում եւ Ադրբեջանից, եւ Վրաստանից: Ճեղքվածքը հատկապես Ադրբեջանի հետ նվազել է, բայց 82-րդ տեղը չի կարող մեզ բավարարել»,- ասաց Տ. Սարգսյանը, տրանսպորտի եւ կապի նախարարությանը հանձնարարելով ներկայացնել ծրագիր այս ինդեքսում առաջընթաց գրանցելու համար: Առավել եւս, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի համար գերակա ուղղություն է:
Նշենք, որ ցանցային պատրաստվածության ինդեքսը հրապարակում է Համաշխարհային տնտեսական ֆորումը՝ INSEAD բիզնես դպրոցի հետ համագործակցությամբ:



























