«Բաց Խաղ» համակարգչային եւ բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը մեկնարկեց այսօր՝ ապրիլի 12-ին, տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Առաջնությունը կազմակերպվում է երրորդ անգամ, կազմակերպիչներն են ԻՏՁՄ-ն եւ «Orange Արմենիան»;

Առաջնությունն  անցկացվելու է 4 փուլով: Փուլ առ փուլ մասնակիցները ժյուրիի օգնությամբ կզարգացնեն իրենց նախագծերը եւ խաղերի ցուցահանդեսի ժամանակ կներկայացնեն պատրաստի խաղեր:

Ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ, ովքեր իրենց խորհրդատվությամբ կաջակցեն մասնակիցներին մրցույթի ընթացքում:  Մրցույթն անցկացվում է   Plexonic, Triada, MicroSoft-RA,  Sourcio, Zoom Graphics ընկերությունների եւ Tumo ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աջակցությամբ. նրանց ներկայացուցիչները հանդիսանում են առաջնության ժյուրիի անդամներ:

Մասնակիցները մրցելու են 9 անվանակարգերում՝ Լավագույն խաղ, Լավագույն բջջային խաղ, Լավագույն Game Play (սցենար), Նորարարություն, Լավագույն դիզայն, Լավագույն կերպար, Լավագույն 3D լուծում, Պատանիների առաջնություն (Junior), Ժողովրդական մրցանակ: Մրցանակային ֆոնդը կազմում է 1,700,000 դրամ, որը կբախշվի ըստ անվանակարգերի: