Սատուրնի մթնոլորտ ջուր է լցվում, որը պաշարված է նրա օղակներում: Գազային հսկայի վրա տեղումների ամենօրյա ծավալը հավասար է օլիմպիական լողավազանին, այսպիսին են հետազոտության արդյունքները, որ արվել են Լեսթերի համալսարանի բրիտանացի մասնագետների կողմից:
Ենթադրությունը, որ Սատուրնի օղակներից կարող է անձրեւ տեղալ, արվել էր դեռ 1980-ականներին, երբ Voyager զոնդն այդ մոլորակի վրա մի քանի մութ գոտիներ էր հայտնաբերել: Սակայն միայն 2011թ. ապրիլին այդ անձրեւոտ հատվածները հնարավոր եղավ տեսնել Կեկի աստղադիտարանի աստղադիտակների օգնությամբ:
Մուգ գոտիները ձեւավորվում են, երբ ջուրը հայտնվում է Սատուրնի իոնոլորտ եւ չեզոքացնում ջրածնի լիցքավորված իոնները:
Աշխատանքի հեղինակները վերլուծել են Կեկի աստղադիտարանում արված դիտարկումները եւ եկել եզրակացության, որ մուգ գոտիների տեղակայումը համապատասխանումէ Սատուրնի օղակներին եւ դրանց միջեւ գտնվող անցքերին: Բացահայտումը ցույց է տալիս, որ Սատուրնի օղակները մեզ չեն հասել նախնական տեսքով, քանի որ մոլորակը մշտապես «քաշում» է դրանցում առկա հեղուկը: Առայժմ հայտնի չէ, ջուրը սառույցի, թե մոլեկուլների տեսքով է հայտնվում մոլորակի մթնոլորտում:




























