Երեւանում, ապրիլի 24-26-ին կայացել է Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների ու անշարժ գույքի՝ հայկական կողմին հանձնելու հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը:

Հայաստան այցելած ռուսաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված ՌԴ պաշտպանության նախարարի օգնական Վալերի Եվնեւիչին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի օպտիմիզացմանը եւ արդիականացմանը վերաբերող հարցեր:

Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստն անցել է աշխատանքային եւ ընկերական մթնոլորտում, որի ընթացում ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» 2012թ. հոկտեմբերի 3-ի Արձանագրությամբ նախատեսված հողատարածքների եւ անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաեւ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստի արձանագրությունը: