Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը մոտ 70 հանդիպում է անցկացրել Երեւանի տարբեր վարչական շրջանների բնակչության շրջանում, բայց կարեւորում է  բակային հանդիպումները, քանի որ այդպես ավելի մոտիկից է ծանոթանում թե բնակչությանը, թե նրանց խնդիրներին: Այս մասին այսօր` ապրիլի 27-ին Կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը: 

Նա նաեւ նշեց, որ բակային հանդիպումների ընթացքում կարողանում են ավելի մոտիկից տեսնել ընդհանուր բացթողումները, այն աշխատանքները, որ պետք է կատարվեին եւ չեն կատարվել: «Այդ ամենից եզրահանգումներ եմ անում: Մենք միասին պետք է այնպես անենք, որ ծրագրերում դրված ցանկացած դրույթ կյանքի կոչվի: Այսինքն, ոչ միայն քաղաքապետարանի, այլեւ երեւանցիների միջոցով»,- ընդգծեց Արմեն Երիցյանը:

Քաղաքապետի թեկնածուն առանձնացրեց արտագաղթի խնդիրը, որը գործազրկության եւ բնակարան չունենալու արդյունքն է:  Հետեւաբար` իրենք պետք է բնակարանները մատչելի դարձնեն, իսկ վարկերի տոկոսները քիչ են լինելու, առանց նախնական 30 տոկոսի: Իսկ աշխատատեղերի խնդրի լուծման առումով  ՕԵԿ-ական թեկնածուն ասաց, որ վերացնելու են մոնոպոլիան եւ զարգացնելու են միջին բիզնեսը: «Նման պայմաններում ծնողները չեն ուղարկի իրենց տղային կամ աղջկան, ասեն` գնա այլ երկիր գումար աշխատի, ուղարկի, որ մենք այդ գումարով ապրենք:  Երեւանցիները եթե Երեւանին տեր չկանգնեցին, ոչ ոք չի գալու եւ դա չի անելու»,- ավելացրեց Արմեն Երիցյանը: 

Բնակիչները հիմնականում դժգոհեցին, որ քաղաքապետրանում իրենց չեն ընդունում, նամակներին չեն արձագանքում, ծերերին ուշադրություն չեն դարձնում, ոչ թե ժողովրդի ծառան են, այլ ժողովրդին են ծառայեցնում որպես ծառա: «Կամոյի ժամանակը չէ, որ բուրժուազիայի աչքերը փոշի լցվեն»,- դժգոհեցին բնակիչները: Լսելով բնակիչներին` Արմեն Երիցյանը առաջարկեց. «Կլինեմ Երեւանի քաղաքապետարանում, այնտեղ կգաք, կլինեմ ԱԻՆ-ում, թե դասախոսական իմ աշխատանքներում, այնտեղ կգաք եւ պատրաստ եմ միասին լուծել այդ հարցը: Ծերերին եւս պետք է ուշադրության կենտրոնում պահել, քանի որ բոլորս էլ ծերանալու ենք»: Նրա փոխանցմամբ, թույլ մարդիկ են ասում, որ մարդիկ վատ են աշխատում: «Ես ասում եմ` մարդիկ աշխատում են, բայց ես կգամ, ավելին կանեմ: Ես կանեմ այնպես, որ իմ Երեւան քաղաքի մասին բոլորը խոսեն: Դժվար կլինի, բայց կանեմ: Ամենավատ բանը հանձնվելն է: Մարդ, երբ է ծերանում, երբ ինքն անձամբ է ասում, որ ծերացել է: Մենք միշտ պետք է ասենք, որ երիտասարդ ենք»,- առաջարկեց Արմեն Երիցյանը:

Ի դեպ, ՕԵԿ-ական ավագանու թեկնածուներից մեկը, տարեց բնակիչներից մեկի ձեռքին նկատելով տոպրակներ, ասաց, որ երբ իրենք երիտասարդ էին, նկատելով, որ տարեցները տոպրակով են խաղը կիսատ էին թողնում օգնում հասցնում տեղ նոր շարունակում խաղը, ինչը այսօր գրեթե չկա: Արմեն Երիցյանն էլ ավելացրեց, որ վերականգնելու են բոլոր լավ ավանդույթները, թե դա, թե երթուղայիններում կանանց, հղիներին, ծերերին տեղ զիջելը եւ մյուս լավ ու բարի ավանդույթները: «Շատ ժամանակ անուն են դնում կոմունիստներին, բայց շենքերը կառուցել են: Ինչքան բան կա, որ կարող ենք սովորել: Չեմ ասում հետ գնանք, պետք է առաջ գնանք, բայց չպետք է մոռանաք մեր պատմությունը եւ, ինչ լավ է եղել, քաղենք բերենք: Շատ ոլորտներ կան, որ ուսումնասիրենք անցյալը, որ ապագան ճիշտ կառուցենք»,- եզրափակեց Արմեն Երիցյանը: