Հայաստանյան ընկերությունները սկսել են ակտիվորեն կիրառել տեխնոլոգիական լուծումներ: Այդ մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Բիզնեսի եւ ՏՏ ոլորտի միջեւ կապն ամրապնդելու նպատակով էլ հունիսի 21-22-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կանցկացվի 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք բիզնես ֆորումը»: Ֆորումին կմասնակցեն 60 ընկերություններ, այդ թվում՝ Իտալիայից, Սինգապուրից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից:

Կ. Վարդանյանը հայտարարեց, որ վերջին 5 տարում արմատական բեկում է տեղի ունեցել՝ բիզնեսը սկսել է լրջորեն վերաբերել տեխնոլոգիական լուծումներին: ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ հավելեց, որ Հայաստանում չկա այլեւս խոշոր ընկերություն, որը չունենա առնվազն 1 համակարգչային ինժեներ եւ ծրագրավորող: Հայկական ընկերությունների մոտ ներկայում պահանջարկված են կառավարման համակարգերը, տրանսպորտի կառավարման GPS համակարգերը, պահեստների կառավարման համակարգերը եւ այլն; Այսպես՝ Ա. Ղազարյանի ղեկավարած «Ապավեն» տրանսպորտային ընկերությունը ներդրել է բեռնատարների վառելիքի ծախսի կառավարման GPS համակարգ, ինչը թույլ է տալիս օնլայն հետեւել յուրաքանչյուր բեռնատարի վառելիքի ծախսին՝ կտրուկ ավելացնելով վառելիքի օգտագործման արդյունավետությունը: Ա. Ղազարյանը նշեց նաեւ, որ խոշոր առեւտրային ցանցերը եւս շահագրգռված են կառավարման ծրագրեր ներդնել, իսկ ցանցերից մեկը նույնիսկ 12 ծրագրավորող է պահում: Գործարարի տեղեկացմամբ՝ վերջին 5 տարում նմանատիպ ծրագրերի արժեքը նվազել է, որակը բարձրացել, շուկայում առկա է մրցակցություն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am