Լիտվայի գլխավոր դատախազությունում այս պահին «Եվրատեսիլ-2013»-ի ժամանակ հանդիսատեսներին կաշառելու մասին լուրերի կապակցությամբ մինչդատական հետաքննություն անցկացնելու հիմքեր չեն գտել: Գլխավոր դատախազությունն այդ եզրակացությանն է հանգել 15min.lt-ի լրագրողների թաքնված տեսախցիկով արված տեսագրությունը դիտելուց հետո:  Տեսագրության մեջ երկու հոգի լիտվացիներին գումար էին խոստանում Ադրբեջանի ներկայացուցիչների օգտին քվեարկելու դիմաց: Այս մասին 15min.lt-ին հայտնել է Լիտվայի գլխավոր դատախազության ներկայացուցիչ Էլյանա Մարտինոնենեն:

Ըստ նրա՝ թաքնված տեսախցիկով արված տեսագրությունը մանրամասն դիտվել է իրավապահների կողմից, սակայն վերջիններս առայժմ հետաքննություն սկսելու պատճառ չեն գտել: Նա նշել է, որ, դատախազության կարծիքով, «Եվրատեսիլի» ոչ թափանցիկ քվեարկությունը  կարող է եվրոպական մասշտաբի արդիական խնդիր լինել, այդ պատճառով չի բացառվում, որ որոշակի կառույցների ներկայացուցիչներին վրդովվեցնեն որոշակի գործողությունները:

NEWS.am-ը հայտնել էր, որ լիտվական առաջատար կայքերից մեկը՝ 15min.lt-ն, Ադրբեջանի ներկայացուցիչներին մեղադրել էր «Եվրատեսիլ-2013»-ում առաջատար դիրք գրավելու համար կաշառք բաժանելու մեջ:

Պարզվել է, որ պարբերականի խմբագրություն են դիմել ուսանողներ, որոնք պատմել են, որ Վիլնյուսի Սպիտակ կամրջի մոտ իրենց են մոտեցել ռուսախոս տղամարդիկ եւ առաջարկել են գումար աշխատել: Պետք էր երեկոյան քվեարկել «Եվրատեսիլ-2013» մրցույթի իրենց նշած մասնակցի օգտին որքան հնարավոր է շատ անգամ եւ եւ դրա դիմաց ստանալ 20 եվրո: Միաժամանակ, ձայներ գնողները խոստացել են իրենց կողմից տրամադրել լիցքավորված սիմ-քարտեր: 15min.lt-ի լրագրողներն ընդառաջ են գնացել եւ համաձայնել են հանդիպել ձայն գնողների հետ, ընթացքում «զինվելով» ձայնագրիչներով եւ տեսախցիկներով:

Ձայն գնողները եկել են ժամադրության վայր (սրճարան) եւ ներկայացրել ողջ սխեման, գլուխ գովալով, որ ձայների գնում է տեղի ունենում գրեթե բոլոր երկրներում, եւ որ այլ կերպ մրցույթում հաղթել հնարավոր չէ:

Նրանք հայտնել են, որ քվեարկող խմբերը պետք է լինեն քաղաքի տարբեր հատվածներում, որպեսզի օպերատորների մոտ կասկածներ չհարուցեն, որ մեկ կետից զանգվածային քվեարկություն է տեղի ունենում մեկ մասնակցի օգտին: Զրույցի վերջում լրագրողուհիներից մեկը հարցրել է. «Իսկ որքան արժե Եվրատեսիլում հաղթելը», ինչին հետեւել է պատասխան. «Ես պատասխան են տալիս միայն Լիտվայի համար, իսկ ընդհանուր առմամբ, երեւի շատ, միլիոններ, դե դա քաղաքականություն է…»:

Նկատենք, որ Լիտվան Ադրբեջանին 12 միավոր է տվել «Եվրատեսիլ-2013»-ում: